Այգու գաղտնիքը բացվեց. դիվիդենտ խեղճ կենդանիների հաշվին

Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տարիներ շարունակ այգին եղել է քաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոց, եւ դա փորձել են տարբեր ժամանակաշրջաններում անել տարբեր կուսակցություններ:

Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի մասին հայտարարեց այն բանից հետո, երբ այգում երկու իրար հաջորդող գիշերներին թափառող շները կերան երեքական կենգուրու եւ մուֆլոն: Երեւանի փոխքաղաքապետը Այգու տնօրենին հորդորեց հրաժարական տալ, որից հետո Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց հրաժարականի մասին, ասելով, թե հեռանում է, թե այդպես կավարտվի այգում կենդանիների անկման գործընթացը: Նա ակնարկեց, որ դրանում կարող է լինել մարդկային գործոն, այսինքն կազմակերպված դիտավորություն:

Վերջին ամիսներին կենդանաբանական այգում շատ են եղել այդօրինակ պատահարներ, որոնք բերել են կենդանիների անկման: Զուգահեռ, այգու նախկին աշխատակիցների եւ այլ անձանց մի մեծ խումբ պահանջել է Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Նա՞ է վատ կառավարել այգին, թե՞ նրան հեռացնելու մեծ ցանկություն ունեցող ինչ որ խմբեր են կարողացել կազմակերպել այդօրինակ անկումները՝ նրա դեմ օգտագործելու համար: Դա հարց է, որի վերաբերյալ կասկածներ հանրությունն ունեցել է, սակայն հստակ պատասխան կարող են եւ պետք է տան միայն իրավապահները:

Սակայն, այդ ամենով՝ նաեւ կասկածներով հանդերձ, ու միաժամանակ գրեթե համոզվածությամբ, որ այդուամենայնիվ կա Ռուբեն Խաչատրյանին ամեն գնով պաշտոնանկության հասցնելու որոշակի շահագրգիռ շրջանակ, հանրությունն այդ ենթադրյալ շահագրգռության հետեւում թերեւս չէր դիտարկում քաղաքական դիվիդենտի ասպեկտը:

Այդ առումով, Ռուբեն Խաչատրյանի հայտարարությունը նորություն է, որ Հայաստանում տարիներ շարունակ տարբեր կուսակցություններ փորձ են արել քաղաքական դիվիդենտ հավաքել կենդանաբանական այգու վրա: Այդ ո՞ր կուսակցություններն են, որոնց համար կենդանաբանական այգին դիտվել է դիվիդենտի հարմար աղբյուր:

Ինչ խոսք, Հայաստանում տարածված է, որ ցանկացած պաշտոնյա, որը հեռանում է այս կամ այն կալիբրի պաշտոնից, փորձում է ներկայանալ ինչ որ դիտավորության կամ շահագրգռության, այդ թվում «քաղաքական դիվիդենտի» զոհ:

Ռուբեն Խաչատրյանն է՞լ է դիմում այդ հնարքին, թե՞ այդուհանդերձ բացում է որոշակի գաղտնիք, որ կարող է ընկած լինել կենդանաբանական այգու շուրջ մի քանի տարի շարունակ ծավալվող եւ վերջին տարում գագաթնակետին հասած զարգացումների մասին:

Կտա՞ Ռուբեն Խաչատրյանն ավելի կոնկրետ անուններ, թե որ կուսակցությունը, ինչ նկատառումով, ինչպես է փորձել հավաքել քաղաքական դիվիդենտ կենդանաբանական այգու, կենդանիների հաշվին:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: